Դէպի՛   Հայաստան,  դէպի՛  Հայաստան – ահա՛ այն կոչական խօսքը, օր այժմ աւելի՝ քան ժամանակայարմար ենք համարում դարձեալ յիշեցնել հայ երիտասարդութեան։

Դէպի՛ Հայաստան – ահա այն որբացած ու թշուառ վայրը, դեպի ուր շտապով իր քայլերը պէտք է ուղղէ հայ երիտասարդութիւնը։

Դէպի՛ Հայաստան – ահա այն երկիրը, որի հանրակեցութեան բոլոր կարգերի արմատական յեղաշրջման պահանջն իրագործել նպաստելու համար կոչված է հայ երիտասարդութիւնը։

Իբրեւ խուլ որոտ, որ նախագուշակութիւն է փոթորկի, լսվում է հայ ժողովրդի խուլ տրտունջը Հայաստանում։

     Լքված – նա այլ ևս անկարող է շարունակելու կրել իր ներկայ հանրակեցութեան կերպերը։ Վիրաւոր – իր վէրքերի սպեղանին նա տեսնում է ազատութեան ու իր զարգացման ձգտումներում։ Յուսահատ – նա կոչում է դեպի իրեն առաջնորդ ընկերներ, որոնք կարողանան նպատակայարմար միջոցներով նրա քայլերն ուղղել դէպի մեծ նպատակը։

     Այո, այո, իբրև քշված հողմով, գնալով, կուտակվում են փոթորկի սև ամպերը Հայաստանի վրայ .- իրերի ընթացքի զօրութեամբ հանրային մարտի վճռական րօպէն մոտենում է։

     Արդ, ուր են այն պիտանի առաջնորդները, որոնց ներկայութիւնը Հայաստանում դարձել է անհրաժեշտութիւն, որոնք ձեռք զարնէին հարկաւոր պատրաստութիւններին այն օրհասական մարտի համար, որ մղվելու վրայ է ընդդէմ թիւրք կառավարութեան՝ յանուն թիւրքահայ ազգային անկախութեան, յանուն նրա քաղաքական ազատութիւնների և տնտեսական զարգացման։

     Ո՞ւր են այն ինտէլիգէնտ ղեկավարները, որոնք ժողովրդի մէջ, ժողովրդի հետ, ժողովրդի համար – յանո՛ւն բանող ժողովրդային շահերի սկսէին մեծ գործի անհրաժեշտ պատրաստութիւնները։ Ո՞ւր են հայ առաջադէմ, ողջամիտ երիտասարդ տարրերը։

     Ճիշտ է, մենք սխալված կլինենք, եթէ ասենք թէ ամենքը գտնվում են Հայաստանից դուրս. Բայց կայ հայ երիտասարդութեան մէջ մի մեծամասնութիւն՝ կենդանի ոյժեր, որ այդ դրութեան մէջն են։ Նրանք օտար երկիրներում դեռ պատրաստվում են անճոռնի ու եսական անձնախաբութեամբ՝ թէ գուցէ Եւրօպան «ազատԷ» հային իր թշուառ վիճակից։ Զուրկ քաղաքացիական համարձակութիւնից ու արժանաւորութիւնից, նրանք դեռ խորշում են հայ բանող ժողովրդից, մինչդեռ այդ ժողովուրդը նրանց կանչում է։ Նրանք դեռ իրենց օտար են համարում ժողովրդին, մինչդեռ իսկապէս նրա հետ նրանք կապված են ընդհանուր սերտ ինտէրեսներով(խմբ. Հետաքրքրություններով)։ Նրանք իրենց ընթացքով ստեղծել են ահագին վիհ իրենց և բանող ժողովրդի մէջ, մինչդեռ այդ վիհը ոչնչացընելու համար նրանց ոչինչ չէ մնում, եթէ միայն անկեղծ արձագանք գտնել իրենց սրտերում այն մարդերի – իրենց նմանների – կոչական ձայնի, որոնք բաւական անկեղծութիւն են ունեցել անցնելու այն վիհը։ Այո՛, ձայնը հնչում է Հայաստանից, անկեղծ, պարզ, սրտագին ձայն, որի ներկայութիւնը Հայաստանում՝ աւետիս է նոր օրվայ արշալոյսի ծագման։

      Դէպի՛ Հայաստան,- վերջին մի քանի նշանաւոր երևոյթներից յետոյ միայն այդ խօսքով այսօր մենք կարո՛ղ ենք, ուզո՛ւմ ենք, պարտաւո՛ր ենք դիմել հայ երիտասարդ առաջադէմ, յեղափոխական տարրերին, որոնք գտնվում են մարտադաշտից դուրս։

Դեպի՛ Հայաստան,- այնտեղ բանող ժողովուրդը, այնտեղ ձեզ նմանները, ձեր ընկերները սպասում են ձեզ, կոչում են դէպ իրենց. գործն օտար երկիրներում չէ. գործը Հայաստանումն է և միմիայն Հայաստանում։

       Բայց պատրաստվելով ճանապարհ ընկնել, գուցէ տարակուսանքով հարցնէ հայ երիտասարդութիւնը – ի՞նչ անել այնտեղ յեղափոխութեան համար, ինչի՞ց սկսել։

 ՛՛Հնչակի՚՚ ամենաէական աշխատութիուններից մէկն է եղել միշտ այդ կէտը և նրա համարներում անպակաս կերպով կան այդ հարցին պատասխաններ։

        Յեղափոխական ոյժերի դերն այժմ երկրի մէջ կայանում է հետևեալում.- ունենալով յեղափոխութեուն նպատակների ու միջոցների դրական ու պարզորոշ ծրագիր, միանալ միմեանց, կազմել մի մարմին և բանող ժողովրդից կազմել մէկ ընդարձակ յեղափոխական կազմակերպութիւն, միաժամանակ միջոցները որոնելով կուսակցութեան ամեն կարգի մարդերի, դրամական, մարտիկ և այլն-նիւթեր ձեռք բերելու համար։

         Բանող ժողովուրդ – դա՛ է յեղափոխութեան յոյսը, մղիչը, ոյժը. դա է յեղափոխութեան մեծ ու հաւատարիմ զօրագունդը, որի ոյժերը զարգացնելու ու կազմակերպելու համար կոչված է յեղափոխական, հասուն երիտասարդութիւնը։

          Ընդարձա՛կ, լայնածաւա՛լ գործունէութիւն, որ առաջացրել են հայութեան ներկայ պատմական րոպեն և հայ ժողովրդի հանրակեցութեան ներկայ պայմանները Հայաստանում։ Մի գործունէութիւն, որ յայտնվում է հայութեան ներկայ հասարակական գործունէութիւններից ամենաէականը և որը սպասում է միայն շատ ու անձնուրաց գործիչներ իր ասպարիզում։

            Գործը սկսվել է . նա պէ՛տք է շարունակվէ և աւարտ ստանայ հայ բանող ժողովրդի ձգտումների յաղթանակով, հակառակ ամեն արգելքների։ Հակառակ դէպքում՝ պատասխանատւութիւնը հայ ապագայ սերունդների, պատմութեան ու մարդկութեան առջև իր ամբողջ ծանրութեամբ ընկնում է հայ այժմեան սերնդի վրայ։

              Ուրեմն, թող նա լրացնէ իր պարտականութիւնը, թող նա գտնվէ իր մեծ կոչման բարձրութեան վրայ։

               Դէպի Հայաստա՛ն . . . .



  • «Հնչակ» , Երրորդ    Տարի, Nr 2 , Մայիս 1890