Օրեր առաջ «Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության անդամները հանդիպում ունեցան ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դասախոս, պ․գ․թ․, դոցենտ, «Պատմություն» առարկայախմբի առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանի հետ։

Կառուցողական եւ առողջ մթնոլորտում քննարկվեցին մի շարք հարցեր առնչվող «Հայոց Պատմություն» առարկայի չափորոշիչներին, առարկայի ապագային, դրանում տեղ գտնող նյութերին եւ դրանցում պարունակվող ուղերձներին։

Լիլիթ Մկրտչյանի կողմից կատարվեցին մի շարք հստակեցումներ, որոնք գրեթե ամբողջությամբ ընդունելի են մեր միության կողմից։

Միանալով բազմաթիվ անձերի հստակեցումներին մենք եւս հաստատում ենք, որ չափորոշիչներում չկա ոչ մի հակազգային, հակապետական դրսեւորում կամ դրա քարոզ, չափորոշիչներում առկա մի շարք տեխնիկական խնդիրները ոչ մի աղերս չունեն «հակազգային» դրսեւորումների հետ։

Ամփոփ կերպով ծանոթանալով չափորոշիչներին մենք կարող ենք ասել ավելին՝ դրանք իրենց ոգով ազգային են եւ պետականամետ, ուղղված են աշակերտի մեջ զարգացնելու պատմական, վերլուծական եւ ինքնուրույն մտածելու կարողությունը, դրանք ի տարբերություն այժմ գործող դպրոցական դասագրքերի միտում չունեն աշակերտին պարտադրելու հեղինակի կարծիքը(որի մասին բազմիցս բարձրաձայնել ենք մենք)։

Ցավով պիտի նշենք, որ չափորոշիչների «հակազգային» բնույթի մասին խոսողները զբաղվում են մանիպուլացիաներով եւ հակագիտական գործունեությամբ ելնելով նեղ անձնական ու քաղաքական շահերից(այս մասին մենք եւս խոսել էինք դեռ անցյալ տարի), նրանց ջղաձգումները ղեկավարվում են հստակ կառույցներից։

Նաեւ ցավոք պիտի նշենք, որ ԳԱԱ պատմության ինստիտուտը իրեն դրսեւորում է հակագիտական ու քաղաքական ուղղվածությամբ եւ սա մեր ազգային ամոթն է, երբ ազգային գիտական բարձր հաստատությունը պայքարում է գիտության դեմ թաքնվելով «հայրենասիրության» թիկունքում, հարձակում կատարում գործընկերոջ վրա, թիրախավորում նրա անձը խախտելով եւ գիտական եւ ազգային-հասարակական բարեկրթության կարգերը. ՏՈԵՄ-ը դատապարտում է այդ պահվածքը։

ՏՈԵՄ-ը իր լիակատար աջակցությունն է հայտնում Լիլիթ Մկրտչյանին նախաձեռնված բարեփոխումներում, նրա անձի դեմ հարձակումները գնահատում ենք ոչ այլ ինչ, քան անտակտություն եւ անաչառ գիտության դեմ հարձակում ու աշխատանքների խոչնդոտում։

Պատմություն առարկայի չափորոշիչների փոփոխությունները բխում են հայ ազգային-պետական շահերից եւ ոլորտում տիրող բացասական մթնոլորտը Լիլիթ Մկրտչյանի անձնական հարցը չէ, այլ հայկական գիտության, դրա առողջության ու անաչառության, ուստի կոչ ենք անում բոլոր գիտության ներկայացուցիչներին, դրա հետ առնչվող ոլորտի ներկայացուցիչներին ձեռնպահ չմնալ, աջակից լինել, խոսել եւ չվախենալ։

 

-ՏՈԵՄ վարչություն