Հնչակեան կուսակցութեան դերը ահագին է եղած հայ կեանքի մէջ. Առանց չափազանցելու կարելի է ասել, որ մեր նորագույն մտաւոր կեանքի կանոնաւորողը նա է եղել։

Հնչակեանութեան քարոզած այն մտքերը՝ որոնք երբեմն անմարսելի և վտանգաւոր էին համարւում ու դրա համար էլ Հնչակեանները հալածանքի ենթարկւում, այժմ այդ մտքերի մեծ մասը հայ ժողովրդի սեփականութիւնն են դարձել և նրա ընթացիկ կեանքի մղիչ գաղափարները կազմել։

Հաւատարիմ իր ռահվիրայի դերին, Հնչակեան մամուլը վերջերս մի կարգ նորագույն խնդիրների մասին թեր ու դեմ գրութիւններ հրատարակեց։ Որովհետեւ այդ խնդիրները դեռ նիւթ են մատակարարում՝ մեր օրինական և ոչ օրինական մամուլին և որպէսզի որևէ թիւրիմացութեան տեղի չտրվի, կուսակցութիւնս սրանով պարզում է իր դիրքը՝ համաձայն իր «Ե» պատգամաւորական ժողովի որոշումներին։

Առաջին՝

կարծողներ ու պնդողներ եղել են, ու դեռ կան, որոնք այն համոզումը ունին թէ տաճկա-Հայկական դատը (Հայկական Խնդիր) պէտք է թողնել։

 Պատճա՞ռ։

- Որովհետև քաղաքական հանգամանքները այժմս բոլորովին աննպատակ դարձուածք են առել այդ խնդրի բարեյաջող լուծման համար և, բացի դրանից, Օսմանյան պետութիւնը կարծուածից աւել զօրեղ դուրս եկաւ , ու դրա հետ միասին՝ 18-20 տարուայ իր մաքառումով տաճկա-հայը պարզապէս ցույց տուեց, որ ինքը ոչ միայն պահանջուած յեղափոխական գիտակցութիւնը չունի, այլև չունի նիւթական և բարոյական այն ոյժը, որ անհրաժեշտ է մի յեղափոխուող ժողովրդի համար. Իսկ վերջին դէպքերի ազդեցութեան տակ նա այժմ բոլորովին սպառուել է ու նրա դատը պիտի թողնել – այնպէս են պնդում, փաստում շատ շատերը։

 -Հնչակեան կուսակցութեան դիրքը՝ խնդրի այդ կէտի նկատմամբ՝ անփոփոխ է։

Մեր Համոզումն է, որ վերև արուած թէզը բոլորովին մակերևութային է, հիմնուած ոչ թէ փաստերի և իրողությունների վրայ, այլ այդ բոլորը արդիւնքն է անհատական՝ ենթակայական սխալ հայեցակէտերի։ Եթէ Արևելեան Խնդրով շահագրգռուող պետութիւնների մէջ այսօր ընդհանուր համաձայնութիւն և ներդաշնակութիուն չկայ տաճկա-Հայկական խնդիրը սուրի ծայրով կամ այլ միջոցներով առաջ քայլեցնելու, անդարմանելի տգիտութիւն և յադգնութիւն կլինէր ենթադրելն անգամ՝ թէ վաղն էլ այդպիսի բարեյաջող պայմաններ չեն ներկայանալ։ Աչքի առաջ ունենալով Արևելյան Խնդրի էութիւնը և այն բոլոր յարակից խնդիրները՝ որ նրա հետ են կապուած, մենք վստահ ենք որ եւրոպական Մեծ Պետութիւնները այդ խնդիրը անպատճառ ձեռք պիտի առնեն՝ վաղ թէ ուշ, և պիտի աշխատեն նրան արմատական լուծումն տալ, ու այդ մեզ ասում է պատմութիւնը և քաղաքակրթութեան հոսանքը, և դրա համար էլ որ ոչ միայն ոճիր է այդ խնդիրը բարձի-թողի անելը, այլև բացարձակ դաւաճանութիւն, եթէ այդ խնդիրն պահանջուած ուշադրութիւնը չտրուի պէտք եղած միջոցներով չաշխատուի նրա լուծումը փութացնել, որքան որ դա կախումն ունի մեր Յեղափոխական Ուժերից։ Իսկ թէ տաճկա-Հայ ժողովուրդը յեղափոխական գիտակցութիւն չունի, նա այժմ բոլորովին սպառուել է և այս ու այն կողմ շպրտվելիք բեկոր է դարձել - դա այնպիսի մի տղայական մտածմունք է, որի դէմ ամեն րոպէ կարող է բողոքել տաճկա-Հայի վերջին 25-30 տարուայ պատմութիւնը։ Հնչակեան Կուսակցութիւնը համոզված է՝ որ տաճկա-Հայը ոնի այն բոլոր հատկութիւնները, որոնք անհրաժեշտ են մի յեղափոխուող ժողովրդի համար, ուստի ինքը պիտի շարունակէ՝ ընթանալ իւր իսկ բացած ճանապարհով մինչև վերջ, մինչեւ իր ծրագրի սպառումը, մինչեւ տաճկա-Հայի իր միահեծան տէրը լինելը թէ քաղաքականապէս եւ թէ տնտեսապէս։

Երկրորդ՝

զանազան թափթփուքները, ոմանք էլ Հնչակյան շարքերից դուրս թափուածներ, այն կարծիքն ունին թէ տաճկա-Հայկական Դատը զուտ ազգայնական է, ուստի այդ խնդրով պարապողները ազգայնականներ(նացիօնալիստներ) են։ Այդպիսինների հայեացքով տաճկա-Հայկական Դատը հոմանիշ է նացիօնալիզմի, ուրեմն և, հետևցնում են այդ քաջերը, ոչ միայն սօցիալիստները՝ մանաւանդ Սօցիալ-Դէմոկրատները՝ այնտեղ գործ ունենալ չէն կարող, այլև իրենց կարողութեան սահմանների մեջ պիտի աշխատեն որ անխառն սօցիալիստները հեռուանան այդ խնդրից և նրանց ոյժ չտան։

-Հնչակեան Կուսակցութեան համար այդ կարծիքը նոյնպէս սխալ է, և հիմնովին սխալ։

Նացիօնալիստները և նացիօնալիստական ձև ու բնաւորութիւն ունեցող քաղաքական կուսակցութիւնները՝ Արևմտեան Եւրոպայում՝ ընդունում են՝

1)Ընկերութեան մի դասակարգի տիրապետութիւնը միւսի վրայ.

2) Տիրապետող (շահագործուող, գործաւոր պրոլէտար)դասակարգին գործիք դարձնելով՝  նրան մղել դէպի արտաքին աշխարհակալութիւնը որպէս կենդանական կռուի յարատևող մի պրոցեսսուս և. ուրեմն, ուժեղի, հզօրագույնի տիրապետութիւնը թոյլի վրայ։

Իրավունքը ոյժն է – ահա նրանց նշանաբանը։

Նացիօնալիստները ամեն տեղ կամ կայսերականներ են կամ ունին «համա» մասնիկը (համագերմանականներ,համալսաւոնականներ) Կա՞ր Տաճկա-Հայկական դատի մէջ այդ բնաւորութիւնը կրող մի գիծ անգամ։

-Բնաւ երբէք։

Քաղաքականապէս ազատ անկախ հայրենիք ունեցող մի Գէդ, մի Ժօրէս . . . Ֆրանսիայում, մի Բէրէլ, մի Բերնշտայն . . . Գերմանիայում, մի էնրիկօ Ֆերրի . . . Իտալիայում՝ երկար տարիներից ի վեր կրկնում են և առիթը ներկայացած ժամանակին միշտ էլ յայտարարում, որ եթէ մի օր մի արտաքին ոյժ իրենց պատկանող երկիրը խուժէ, ապա առաջինը իրենք կը լինէին զէնքը ձեռքին սահմանագլուխ վազողը և առաջին գնդակ արձակողը։

 Մարքսի մեկնաբան Կ. Կաուցկին որոշ կերպով ասաց որ նուաճող ժողովուրդները լիակատար իրավունք ունին իրենց անկախութիւնը ձեռք բերել և այդ պարագային նոյն իսկ պրօլէտարիատ դասակարգը կարող է միանալ ուրիշ տարրերի, օրինակ բուրժուազիայի՝ հետ։ Բոլոր երկրների յայտնի սօցիալիստները առանց որ և է վերապահութեան ընդունում են, որ ապագայ սօցիալիստական աշխարհի ներդաշնակութեան համար՝ ազատ, անկախ հայրենիքների, ազատ, անկախ ժողովուրդների գոյութիւնը և ինքնուրույնութիւնը բացարձակ անհրաժեշտութիւն է։ Սօցիալիզմ չկայ և չի կարող լինել այնտեղ, ուր կան նուաճող ժողովուրդներ, այդ նոյնը կլիներ, եթէ ասուէր թէ սօցիալիզմը հնարաւորութիւն է այնտեղ, ուր կողք կողքի կարող են ապրել կապիտալիստ և գործաւար դասակարգերը։

Անցեալ տարի Տրիէստի մէջ կայացած Սօցիալիստական համագումարը պարզ կերպով որոշեց թէ ինչ է ազգայնութիւն (նացիօնալիզմ) բուրժուազիական հասկացողութեամբ և ինչ՝ սօցիալիստական հասկացողութեամբ։

Նացիօնալիզմի սօցիալիստական հասկացողութիւնը իրեն բնաւ համամիտ և կողմնակից չի համարում ազգերի ձուլելուն կամ ջնջուելուն. Նա ճանաչում է «Ազգային իրաւունքը», այսինքն այն որ ամեն ազգ իրաւունք ունի իր միահեծան տէրը լինելու, իր ինքնուրոյնութիւնը, իր անհատականութիւնը ունենալու. «Ազգային իրավունքը» նույնն է համաշխարհային թատերաբեմի մէջ, ինչ որ անհատական իրաւունքը ընկերութեան մէջ։

Ամեն երկրի մէջ Սօցիալիստական կուսակցութիւնների անմիջական նպատակն է քաղաքական իշխանութիւն ձեռք բերել, որպէսզի այդ միջոցով շուռ տան տիրող դրութիւնը և հայրենիքի մէջ ամփոփուած ազգին ոչ միայն միահեծան տէր դարձնեն քաղաքականապէս, այլև տնտեսապէս։ ՈՒ դրա համար էլ ամեն երկիր տալիս է իր ուրույն տաքտիկան, իր ատաղձը, իր սարքը։

Ի՞նչ է ասուն Հնչակեան կուսակցութիւնը, նրա նպատակն է քաղաքական իշխանութիւն ձեռք բերել դասակարգային տիրապետութիւնը յաւէրժացնելու՞ և աշխարհակալական արկածախնդրութիւնների մղելու , թէ՞ հայ հայրենիքի մէջ եղող ժողովրդին իր քաղաքական և տնտեսական միահեծան տէրը դարձնելու։

Եւ դա դեռ իր շատ հեռուաոր նպատակն է, քանի որ ՏաճկաՀայը ներկայումս ոչ միայն ազգ հեռաւոր նպատակին հասնելու քաղաքական որ և է հաստատութիւն չունի այլ նա գրուած է մի ահռելի բնաջնջումի առաջ։ Նրան զլացւում է գոյութեան տարրական իրաւունքը, դատապարտելի՞ պիտի լինէր նրա ձգտումը՝ որպէս նացիօնալիզմ՝ ունենալու այն, ինչոր ուրիշները արդեն ունին կամ ունենալու յետևից են։

               Եթէ Տաճկա-Հայկական Դատը զուտ նացիօնալիստական լինէր, ընդունելով այդ տերմը իր ընթացիկ առումով, այն ժամանակ միջազգային Սօց. Կօնգրեսները այնքան մօտիկ համակրանք չէին տածիլ դեպի նա։ Իսկ հարիւրաւորների է հասնում թիւը այն Սօցիալիստների, որոնք համոզված պաշտպաններն են Տաճկա-Հայ Դատին, և նրանք այդ անելով շատ լաւ գիտեն, որ իրենք ոչ թէ մի նացիօնալիստական գործի են ոյժ տալիս, այլ սօցիալիստական։ Ժիւլ Ռոշը և իր նման շատ շատերը Տաճկա-Հայկական Դատը վերլուծելով՝ եկել են այն եզրակացութեան, որ հայ ժողովուրդը՝ ընդհանրապէս և այդ Դատի պաշտպանները մասնաւորապէս՝ ապագայ Սօցիալիստական աշխարհի ռահվիրա են հանդիսանում մերձուաւոր Արևելքի մէջ։

Երրորդ՝

Ռուսատանի մէջ գտնուղ հայութեան մի մասը գանւում էր ճիշտ այն ճնշումնների տակ, ինչ որ էր նրա միւս մասը Տաճկաստանում։

Հնչակյանութիւնը չէր կարող անտարբեր հանդիսատես լինել՝ երբ մի ժողովրդի սպանման գործ ի առաջն էր կանգնած և նա սկսեց իր կռիւը Ցարիզմի դէմ, ու այդտեղ հենց սկզբից մենք կանգնեցինք Սօցիալ Դեմօկրատական հողի վրայ։ Սօցիալիստական միջազգային կօնգրէսների որոշումները ընդունելով միասին՝ հենց այդ որոշումների վրայ կանգնած՝ հնչակեանութիւնը Ռուսաստանի մէջ պահում է իր ուրույն կազմակերպութիւնը։ Նա շատ խնդիրներում համընթաց է եղած և կարող է լինել Սօցիալիստական ուրիշ կազմակերպությունների՝մանաւանդ Ս. Դ. Բ. Կ. հետ, բայց պիտի պահէ իր ինքնուրոյն կազմակերպութիւնը, որպէս առանձին կուսակցութիւն. Եթէ կան Սօցիալ Դեմոկրատներ որ դրա մէջ տեսնում են նացիօնալիզմ, դա արդեն ապացույց է հէնց իրենց տգիտութեանը, եթէ չասենք որ դա արդէն փաստ է՝ թէ հէնց իրենք են թունդ նացիօնալիստները։

Սօցիալիստական միջազգային կօնգրէսների բանաձևերի վրայ կեցած, մենք մեզ լիակատար իրաւունք ենք տալիս պարտաւորեցնելու՝ որ Ռուսսաստանի մէր մասնաճիուղերը օգնեն և Տաճկա-Հայ Դատին, նրա էլ զորաւորը դառնան՝ ինչպէս որ առաջ՚ Իսկ եթէ զանազան ռուս, հայ և այլ սօցիալիստներ մեր այդ դիրքի մէջ տեսնում են հակասութիւն, այսինքն թէ այդ կերպով մենք Ռուսաստանում Սօցիալ-Դէմօկրատներ ենք, իսկ Տաճկա-Հայաստանում՝ Նացիօնալիստներ, -Դրանով , մեր այդ հակառակախօսները պարզապէս ցոյց են տալիս որ իրենք իրենց արտաքին քաղաքականութեան մէջ շատ բանով չեն տարբերւում սլաւոնաֆիլներից և կատկովներից ։             Թէ Ռուսաստանում և թէ Տաճկա-Հայաստանում Հնչակեանութեան դիրքի մէջ չկայ հակասութիւն, երկու տեղն էլ նրա գործը սոցիալիստական է, աչքի առաջ ունենալով իր առաջադրած նպատակը, և իր դրօշի տակ համախմբած տարրերը։

               Չորրորդ՝

ուտօպիք սօցիալիստների բեկորները, որ երբեմն իրենց տալիս էին ՚՚Միջազգային սօցիալիստներ՚՚ մակդիրը, այժմ դրանցից ոմանք իրենց զգեստները փոխած ՚՚Հայ Սօցիալ-Դէմօկրատներ՚՚ անունով քարոզում են որ Բուլգարիայի Ռումինիայի, Եգիպտոսի, Ամերիկայի . . . մէջ եղող հայ գործաւորները միանան իրենց տեղը եղող գործաւորների հետ կռիւ մղեն տեղական կառավարութեան՝ կապիտալիզմի դէմ,- այդ կերպով հայ գործաւորը պիտի դառնար միջազգային սօցիալիստական մի ասպեկտ։

               Արտասահմանի մէջ եղող Հնչակեան բոլոր գործաւորները—Ամերիկայի, Բուլղարիայի,Եգիպտոսի, և այլն,- ազատ լինելով իրենց տեղի վրայ սօցիալիստական պասսիւ կռիվ մղելու, նրանց գործունէութեան իրական ակտիւ վայրն է Տաճկա-Հայաստանը և Կովկասը, նրանց համար կայ և պիտի լինի Հայկական Դատ, նրանք այդ Դատի գործաւոր-աշխատաւորներն են։

               Հինգերորդ՝

Հնչակեան կուսակցութեան համար՝ քաղաքակրթութեան զարգացման ներկայ աստիճանին մէջ՝ կայ գոյութիւն ունի հայ Հայրենիք և հայ ժողովուրդ, և այդ այնքանով ու այն իրաւունքով, օրենքով և որ իրավւունքով կայ Ֆրանսիա, Ֆրանսիական ժողովուրդ՝ Դեգի, Ժորէսի, Վայանի համար․ Գերմանիա,Գերմանական ժողովուրդ՝ Բէբէլի, Բէրենշտայի համար . . .

               Վստահ մեր ընդգրկած գործի ճշմարտութեան վրայ, մենք առաջ կերթանք այն արիւնոտ ճանապարհով , որով ընթացել ենք մինչև ցարդ։

Ցարիզմի և Սուլթանիզմի աւերակների վրայ կանգնեցնել քաղաքականապէս և տնտեսապէս միահէծան հայ ժողովուրդ – Ահա այն բաժինը, որ մենք կբերենք միջազգային սօցիալիստական խորանին առաջ։


No 1—2                                             Տասնեիիններորդ Տարի                          ՅՈՒՆՎ.—ՓԵՏՐ.