Դեռեւս կրթական չափորոշիչների ի լույս գալուց վեր, մինչ դրանց հանրայնացնելը, մինչ դրանց բովանդակային կազմությանը ծանոթանալը ներհայաստանյան պատմագիտական դաշտը իր հանգիստը չէր գտնում իմանալով, որ չափորոշիչները գրվել են թուրքական հատուկ ծառայությունների գործակալների ձեռամբ եւ սրան զուգահեռ նույն ժամանակահատվածում հար եւ նման մտահոգություններով փողոց դուրս եկան իրենց փրկարար գործն ի կատար ածելու հայ ազգի ամենաազգասեր, ազգային մտքի պայծառ ներկայացուցիչ ազգային սերուցքները՝ հանուն ազգային արժեքների պաշտպանության, պիղծ ու ազգակործան չափորոշիչները թույլատրող ոչ պակաս պիղծ եւ ոչ պակաս ազգակործան նախարարի հրաժարականը պահանջելու։

Այսպիսով կրթական քաղաքականությունը տապալված է եւ նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա . միթե՞։

      Եկեք հասկանանք.

Այն որ կրթական ոլորտը խոցելի է միանշանակ է եւ սա նոր բացահայտում չէ, ոչ էլ նոր ծագած խնդիր, այն որ նախարարն ունենում է սխալներ ու թերացումներ սա էլ վիճաբանության առարկա չենք դարձնի, բայց արդյո՞ք այդ սխալներն են հիմք հանդիսանում նրա հրաժարականի պահանջի համար, թե մեր ազգային ամենաարդար ու ամենազնիվ սերուցքը կարող է հրաժարականի պահանջի տակ հետին նպատակներ թաքցրած լինել .

      Ինչու՞ հենց պատմություն (եւ շատ թույլ կերպով նաեւ գրականություն) առարկայի շուրջ սկսվեցին այսօր ծավալվող տարօրինակ զրույցները՝ քանզի պատմությունը(իհարկե նաեւ գրականությունը) եղել եւ մնում է այն եզակի ազգագիտական, ազգաճանաչման գիտություններից, որը կարելի է առանց մեծ ճիգերի ծառայեցնել ցանկալի ծանրակշիռ քարոզչություն ծավալելու, ցանկալի տեսակետներ ձեւավորելու համար եւ այս իրողությունը առանց կաշկադման կիրառվել է նախկինում։ Հաջորդիվ, քանի որ այդ ուսումնական առարկան ի տարբերություն բնական գիտությունների եւ մի շարք այլ առարկաների իր վրա կրում է հայ մականունը եւ իմանալով մեր ազգի հոգեբանական առանձնահատկությունները, նրա ամեն «հայ» ու «յան» մասնիկը կրող իրի ու երեւոյթի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը եւ ի հարկե նաեւ հաղորդած տեղեկության հավաստիությունը երբեք չստուգելու բնավորությունը եւ այլ գծեր՝ թե որ առարկաների չափորոշիչի շուրջ աղմուկ պետք է ստեղծվի հարցի պատասխանը դառնում է ակնհայտ ։

Եւ այժմ ազգային սերուցքի ու պատմաբանների կողմից դաշտ են նետվում այնպիսի կեղծիքներ, հնարվում են այնպիսի իրականություններ վերագրելով դրանք չափորոշիչներին, որ չափորոշիչները կազմողները նույնիսկ տեղյակ չեն իրենց իսկ գրած չափորոշիչներում նման բովանդակություններից... 

Եւ բոլոր այդ մեղադրանքները որ մինչ օրս հնչեցնում էին ու հնչեցնում են ոչ միայն զուրկ են փաստացի ապացույցներից, այլեւ տրամաբանությունից եւ գրավոր կերպով հանգամանալից դրանց անդրադառնալը համարում ենք պարապ զբաղմունք։ Հընթացս պատմաբան տեխնոլոգների մի խումբ քարոզչական ապարատների միջոցով հայ հանրության ականջին են հասցնում ականջահաճո հակագիտական պնդումներ ու մատնացույց անում փորձագիտական թիմի կողմից դրանց անտեսումը պահանջելով խմբից դուրս գալ մասնագիտական արհեստավարժությունից եւ ներառել կամ բացառել այնպիսի բովանդակություններ, որոնք զուրկ են գիտական հիմքից, այնինչ որքան էլ այդ պնդումները հաճելի են ազգային եսին, այն ու ամենայնիվ դրանք մնում են հակագիտական, առանց հիմնավորումների փչոցներ, որոնք ոչ միայն ծիծաղելի են միջազգային գիտական ասպարեզում, այլեւ վտանգավոր են ազգային սնափառության ձեւավորման գործում։

Միգուցե այս ամենի վրա կարելի էր աչք փակել, եթե չլիներ եւս մի հանգամանք՝ այն է թե ինչ մեթոդներով եւ ովքեր են պայքարում.

Վերը նկարագրվածի քարոզչական ասպարեզում տապալումից հետո չափորոշիչների դեմ պայքարող «գիտնականները» (արդեն կարող ենք մեզ չակերտների շռայլությունը թույլ տալ) այլ մեթոդներ որդեգրեցին եւ կրկին անգամ շրջանցելով չափորոշիչների բովանդակային պարունակությունը այս անգամ էլ անդրադարձ կատարեցին փորձագիտական խմբի անդամների անձերին, նրանց կատարած երբեմնի աշխատանքներին, համագործակցած կազմակերպություններին եւ մասնավորապես որպես թիրախ ընտրեցին խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանին։ Վերջինիս հասցեին հնչեցրած բոլոր մեղադրանքների մեջ ներառված է այն հանգամանքը, որ Լիլիթ Մկրտչյանը (խմբի մի քանի անդամներ եւս) միջազգային համագործակցության շրջանակներում երբեւէ թուրք պատմաբանների հետ իրականացրել է պատմագիտական աշխատանք՝ Հայաստանում եւ Թուրքիայում գործող պատմության դասագրքերի վերլուծություններ ։ Փաստացի ըստ մեր «ազգային» «գիտնականների» գիտական աշխատանքների շրջանակներում թուրք գիտնականների հետ առնչությունները հակաազգային դրսեւորումներ են նույնիսկ կարեւոր չէ առնչությունների շրջանակն ու բովանդակությունը, արդյունքը. նրանց կիրառած տրամաբանության հաջորդականությանը հետեւելով կարելի է եզրակացնել, որ նա ով երեբէ առնչություն է ունեցել որեւէ թուրք անձի հետ հայ չէ, հակահայ է (եւ հենց սա էլ նրանք ակնարկում են չխոսելով դրա մասին բացահայտ), նույնիսկ մի ոգեւորված հայտարարություն տարածեցին ուղղված ԱԱԾ-ին ընդդեմ չափորոշիչների եւ փորձագիտական խմբի ։

Այս աղմուկին կարծում եմ կարելի է պատասխանել կարճ, պատասխանել ՀՀ ազգային հերոս Մենթե Մելքոնյանի բերանով (հուսամ այդ «ազգային» մարդիկ կասկածի տակ չեն պատրաստվում դնել ազգային հերոսին եւ նրա մտքերը), որի արտահայտած միտքը «կլորացված» հետեւյալն է՝ հայ ազգի դաշնակից թուրքական պետության դեմ պայքարում կարող է լինել թուրք մտավորական մարդը, հասարակ թուրքը, մի խոսքով թուրքը։

Մեղադրանքների շարքը համալրվում է նաեւ «ֆեմինիզմ» կոչվող ծանր հանցագործության մեջ Լ. Մկրտչյանին ուղղված մեղադրանքով... կարծես ֆեմինիզմը(իհարկե չենք խոսում դրա ռադիկալ դրսեւորման մասին) ինչ որ հակամարդկային, հակազգային երեւոյթ է։

Պարզամտություն է կամ նողկալի սրիկայություն կնոջ կամ կնոջ իրավունքների հիշատակումը բնութագրել որպես ռադիկալ ֆեմինիզմ, երբ հաճախ նույնիսկ չի էլ շեշտվում « ռադիկալ» տերմինը այլ կիրառվում է ընդհանրական ֆեմինիզմ բառը՝ դրանով առ հասարակ ֆեմինիզմը փորձելով ներկայացնել որպես ապազգային, հակապետական, հակաընտանեկան ու հակաբարոյական տարր։

 ֆեմինիզմի մասով նույնպես կարելի էր Մ. Մելքոնյանի բառերով պատասխանել, բայց ավելի լավ կլինի որ այդ անձիք, եթե իրենց ճակատը չի նեղացել վերջնականապես  անհետանալու վտանգի առաջ կանգնելով, մտածեին այն ուղղությամբ. թե միթե՞ հայ կինը հայ ազգի բաղկացուցիչ մասը չէ, զրկվա՞ծ է ազգային հատկանշիներից եւ հայ կնոջ իրավունքը հայ ազգի իրավունքը չէ՞, միթե՞ հայ կինը դարերով չի պայքարել հանուն հայ ազգի հայ տղամարդու կողքին, միթե՞ քիչ են հայ երեւելի կանայք, որոնք արժանի են ոչ պակաս ուշադրության(չենք նշի անուններ, քանզի հիշատակման են արժանի բոլորը)։

Այսքանով ի հարկե փորձագիտական խմբի ընդդիմախոսները չեն սահմանափակվում եւ ավելին, անցնում են մարդկային ու բարոյական բազմաթիվ կարմիր գծեր, նրանց նույնիսկ չի ընկճում այն հանգամանքը, որ հակառակ ճակատում կանգնած է հայ կին, ինչից հետո ոչ թե պատասխանելու ցանկություն, այլ հարց է առաջանում, թե արդյոք իրենց պահվածքից ու արարքներից, ցուցաբերած արժեհամակարգից հետո ո՞ր ազգի շահերի մասին են խոսում, ո՞ր ազգի ազգայինն է իրենց հասկացածը եւ այդ ո՞ր ազգային գաղափարախոսությունն ու արժեհամակարգն է իրենց կողմից ցուցաբերվում կնոջ անունի ու մասնագիտական պատվի հետ խաղալով ։

Այս բոլոր քայլերը, որ մեր «գիտնականների» կողմից կատարվում են նոր չեն, սա արդեն ավանդական դարձած տակտիկա է, որ նրանք կիրառել են բազմիցս ցանկացած ընդդիմախոսի նկատմամբ։

Հիմա մի պահ ենթադրենք մեր «պատմաբանները» հասան իրենց ուզածին, բոլորն ընդունեցին, որ Լ. Մկրտչյանը ներկայացնում է վտանգ ազգային անվտանգությանը, թուրք է... սակայն արդյոք դա փոխում է այն փաստը, որ Լ. Մկրտչյանի կողմից ներկա իրականությունում կազմված չափորոշիչները շատ ավելի հաջող, ավելի ազգային ու գիտական են, քան դրանք եղել են մինչ այս, արդյոք դա փոխու՞մ է այն փաստը, որ մեր «գիտնականներից» շատերի անունները արդեն ոչ թե ծիծաղ, այլ առհամարական քմծիծաղ են առաջացնում միջազգային գիտական հանրությունում, փոխու՞մ է իրենց գիտական կոչումները կասկածելի ճանապարհներով «վաստակելու» հարցը։

Բարեբախտաբար մենք գործում եւ ցուցաբերած մասնագիտական դրսեւորումներում գիտենք ով է Լ. Մկրտչյանը, իսկ մեր «գիտնականները» ցավոք կմնան ապրելու վերը թվարկված հարցերի հետ։

Այսքանով կույրին էլ է տեսանելի, որ մեծապատիվ «գիտնականները» իրապես ոչ թե խնդիր են տեսնում չափորոշիչներում եւ ոչ թե իրապես մտահոգված են դասագրքերի ապագայով, այլ նրանց ամբողջ աղմուկը ընդամենը ֆոնային տրամադրություններ ապահովելու համար է, իսկ բուն թիրախը ԿԳՄՍ նախարարն, իսկ թե ինչու դժվար չէ կռահել։

Ցավոք մեր այս «գիտնականները» կարծում են, թե ոչ ոքի հայտնի չէ, թե իրենց ետեւում ում ականջներն են կամ այլ կերպ ասած նրանց պոչն ում ոտքի տակ է, ի տխրություն իրենց այդ ամենը մեզ վաղուց է հայտնի։

Ինչու հենց ԿԳՄՍ նախարարը. կարծես այդ էլ բարդ հարց չէ, քանի որ որքանով նկատել ենք նա որպես գործիչ հանդիսանում է իշխանության ծանր հրետանիներից մեկը, միաժամանակ ամենամեծ խոչնդոտը մեր «գիտնականների» պատվիրատուների քաղաքական շահերի համար, ուստի նրան արանքից հանելով իշխանության հիմքերը հնարավոր է քիչ թե շատ խաթարել ու միաժամանակ լուծելի հօգուտ իրենց ի շարք ծանրակշիռ հարցեր։

Կրթական ռեֆորմները, այդ թվում չափորոշիչների փոփոխությունները պիտի կայանան։

Միաժամանակ առկա փոքր ի շատե ձեռքբերումները հնարավոր է պահպանել ու զարգացնել ռեֆորմների շարունակականությամբ, դրանց առավել զարգացմամբ։

Ցավոք այդ թվում առավելագույն կարճ ժամկետում ԳԱԱ լուծարմամբ ու վերաձեւակերպմամբ, չկորցնելով այնտեղ ունեցած իրական գիտական պոտենցիալը։

 

     Իսկ վերջում որպես վերջաբան.

Եւս մեկ անգամ մենք ականատես ենք լինում հայտնի թեւավոր խոսքերի հավաստման, որ սրիկայի վերջին հանգրվանը հայրենասիրությունն է, եւ տեսեք, թե այդ հայրենասերները ինչպես են մոլորեցնելով ու ազգային զգացումների վրա խաղալով իրականացնում իրենց ցանկալի գործողությունները։ Վաղ թե ուշ «հայրենասիրություն»-ը որպես ներքաղաքական հարցերի լուծման, ազգային հասարակության գրգռման գործիք պետք է անհետանա նպաստելով Հայաստանում առողջ քաղաքական դաշտի ձեւավորման, իսկ իրական հայրենասիրությունը կզբաղեցնի իր բնական ու բանական ոլորտը։

 

 

-ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենադպիր(քարտուղար)՝ Ռ. Կարապետյան