ՏԱՍՆԵԻԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻ N`1            HENTCHAK           9 ՆՈՅԵՄԲԵՐ 1899

                           

                                 ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ․

 

Հնչակեան Կուսակցութեան X և Y երկրների 14 մասնաճիւղերի Z քաղաքում կայացրած Պատգամաւորական Ժողովը՝ ստանալով նախկին կեդրոնի հրաժարականը՝ ընտրեց նոր Կեդրօն, 5 անձերից բաղկացած, որոնց և յանձնեց Կուսակցութեան գործերի վարչութիւնը, սկսած 1899-ի սեպտեմբեր ամսից։

                                                                                 ՊԱՏԳ․ ԺՈՂՈՎ․

                                                           ՄԵՐ ԴԻՐՔԸ

 

Հայ ազգայնութիւնը, չնայելով իւր քաղաքական միւթեան խորտակմանը, զանազան խուժդուժ ազգերի դէմ՝ իւր մղած դարևոր կռիւների ընթացքում, ո՛չ միայն կարող եղաւ Մայր-Հայրենիքի մէջ ընդ միշտ վառ պահել ազատութեան բազմաթիւ կղզեակներ․ այլ և նա՝ որպէս կենսունակութեան անհրաժեշտ պայմաններով օժտուած մի ժողովուրդ, իւր տագնապալից գոյութեան այլ և այլ շրջաններում՝ հնարաւորութիւն ունեցաւ մթերել, շեղջել մի շարք այնպիսի կայծեր, որոնք իբրև բացայայտ գրաւականներ իւր կենդանութեան ամենայնիւ երաշխաւորում էին, որ նա ո՛չ մեռած և ո՛չ էլ վերջնականապէս համակերպած էր այն ձախող դրութեան, որի մէջ դրել էին իրեն պատմական տխուր հանգամանքները, և որ նա անվհատ շարունակում էր իւր ազգային գոյութեան անողոք պայքարը, նպատակ ընտրելով իւր համար կեանքի աւելի՛ պատշաճագոյն, աւելի՛ լայն պայմաններ ստեղծելու։ Հետևաբար՝ եւրոպական քաղաքակրթութեան շաւղի մէջ երկար ժամանակից ի վեր մտած հայ ազգի հանար, իրերի բնական ընթացքով, այլևս բոլորովին անհանդուրժելի և մեռելութեան տանելու աստիճան սեղմիչ պիտի լինէին կեանքի այն սահմանները, որ իրեն համար եզերագծած էր թիւրք բռնակալութիւնը․ ուստի նա անհրաժեշտօրէն, եթէ միայն ուզում՝ էր ապրել, պիտի ձգտէր թօթափել դարերից ի վեր իւր վերտ, ծանրացած տաճիկ բռնակալութեան կաշկանդիչ լուծը և աշխատէր, իւր ազգային զարգացման պահանձին համեմատ, նորագոյն կեանքի անհրաժեշտ աւելի ընդարձակ, աւելի՛ յարմար պարագաներ ձեռք բերելու։

       Պատմական կեանքի տուած այդ անխուսափելի ձգտումները՝ հայ ժողովուրդը փոխանցեց իւր յետնորդներին սերունդէ ի սերունդ։ Եւ այդպիսով ընդհանուր դժգոհութեան, հանրական իղձերի օղակները հետզհետէ ընդարձակուելով՝ աւելի ու աւելի մեծ շրջանակներ էին կազմում։ Բայց այդ բոլորը դեռ շատ տարտամ, անոգի փափագներ էին։

       Իրերի այդ պայմանների ներքոյ երևան եկաւ «Հնչակ»-ը, իբրև անյետաձգելի պահանջ և անշեղ հետևանք հայ ազգութեան յառաջադիմութեան և նրա կեանքի պայմանների զարգացման․ հետևաբար «Հնչակ»ի կատարելքի պատմական դերը բոլորովին որոշ էր և արդէն իսկ գծուած, զի նա արդիւնարար էր հայի դարաւոր կեանքին։ Ուստի քաջ ըմբռնելով իւր պատմական դերի բաձրութիւնը և կոչումը, «Հնչակ»-ը, իբրև հայ առաջին կազմակերպուած քաղաքական մարմին, ծրագրեց, աշխատեց ո՛չ միայն ոգի և մարմին տալ հայ ժողովրդի պատմական ձգտումներին և նրա համայն իղձերն իւր մէջ ամփոփել, այլև նա որոշակի մատնանիշեց այն բոլոր միջոցները, այն բոլոր ուղիները, որոնցով միայն հայութիւնը կարող պիտի լինէր ձեռք բերելու իւր փայփած քաղաքական և ընկերական ազատութիւնը։

          Խաղաղ յառաջիդմութեամբ և պահպանողականութեամբ անկարելի էր երբ և իցէ թիւրքի ճիրաններից ազատուիլ և գոյութեան ցանկալի նորագոյն պայմաններ ստեղծել։

          Լացը, բողոքը, գանգատը երբէք չպիտի կարողանային հայի դատը լուծել-նրան ընկերական և ազգային ազատութիւն տալ։ Այդ բոլորը նա միայն և միայն իւր յեղափոխական, ապստամբական ոյժերից պիտի սպասէր։

           -Ուրեմն այդ բոլորի համար հարկաւոր էր յեղափոխական շեշտակի գործունէութիւն։ -Պատմական մի անհրաժեշտ շրջան, որի օղակներով անխուսափելի կերպով անցնում են բոլոր նորածին ազգերը։

            Իբրև կիսանահապետական, մանր սեպհականատէր և մանր արդիւնագործող մի ժողովուրդ, հայը իւր վաստակով, իւր արիւն-քրտինքով բեղմնաւորած արտերի արդիւնքով առաջ բաւականաչափ միջոց ունէր թէ մի կերպ իւր բազմանդամ ընտանիքը ապրեցնելու և թէ իւր անմիջական մակաբոյծ տէրերի՝ քիւրդ և թուրք բէկերի ու աղաների նիւթական կարիքները հոգալու։ Նա՝ հայ «ռայեան», ամբողջ տարին աշխատում, չարչարում էր, ամէն կարգի զրկանք կրում, որպէսզի Օսմանեան բռնապետութեան առաջին պահապան գործիքը՝ զօրքը, ի հաճոյս ապրէր, այն զօրքը՝ որի դերն էր բանակիլ հայի սրտի վերայ և նրան միշտ քաղաքական, ընկերական և տնտեսական ստրկութեան մէջ պահելու։ Հայ երկրագործը իւր յոգնաջան վաստակով լիառատ ռոճիկ էր հայթայթում այն դատաւորներին, որոնք առանձին պարտականութիւն ունէին հսկելու, որպէսզի թիւրք բռնակալութեան հիմը կազմող բոլոր անարդարութիւնները անխախտ մնան, հետևաբար և արդարադատութան դուռը միշտ փակ պահէին իրեն նիւթական ամեն հանգստութիւն մատակարարող հայի առաջ։ Հայ հողագործը իւր ստրկական աշխատութեամբ, երբեմն և կեանքի գնով, փարթամութեան և մեծաշուք վեյելչութեան մէջ էր պահում իւր այն կառավարիչներին՝ փաշաներին, գայմագամներին․․․․ որոնք միակ ձգտում ունէին, ո՛չ միայն իրեն կեանքի և գոյքի ապահովութիւն չտալու, այլև պաշտօնապէս ջանալ արմատախիլ անել իրեն իւր հայրենիքից։

             Իւր թիկունքների վերայ ծանրացած այդ բոլոր պաշտօնական և անպաշտօն տէրերին կերակրելուց յետոյ, հայ գիւղացին, հայ մանր արհեստաւորը թէև յաճախ մնում էր գետնախշտի, սովամահ լինելու աստիճան անօթի և կիսամերկ, բայց այնուամենայնիւ նա դեռ ստիպուած չ՛էր լինում իսպառ կտրուելու իւր ընտանիքի ծոցից, ծննդավայրից, հողից ու ջրից և հարիւրաւոր մղոն հեռու օտար երկիրներ դիմելու՝ աշխատանք որոնելու համար։

             Տաճկական բռնապետութիւնը կղզիացած երկիր մնալ չէր կարող։ Եւրոպական ազգերի հետ յարաբերութեան մէջ մտնելով՝ իբրև յետամնաց մի երկիր, շուտով նա մի ընդարձակ վաճառատեղի, մի մեծ շուկայ դարձաւ եւրոպական հսկայական ճարտարագործութեան։ Այդ հանգամանքը մեծապէս պիտի ազդէր հայ կիսանահապետական, պարզ գործիքներով աշխատող երկրագործի և արհեստաւորի տնտեսական պայմանների վերայ և կազմալուծումն առաջ պիտի բերէր։

              Միւս կողմից օտար և ցեղակից վաշխառուները օգտուելով հայ աշխատաւորի նիւթական ճգնաժամից, մին միւսի յետևից նրա ձեռքից խլեցին իւր աշխատութեան բոլոր միջոցները և այդպիսով երկրի հարստութիւնը իրենց ձեռքը կեդրոնացնելով՝ յառաջ բերեցին մի դասակարգ անժառանգ բաղդազուրկների։ Հայ ժողովուրդը մտած էր կապիտալիստական շրջանի մէջ։ «Հնչակ»-ը տնտեսական պայմանների այդ հիմնական փոփոխութիւնը չէր կարող աչքի առաջ չունենալ և իւր ծրագրի հեռաւոր կէտերից մին չանել սոցիալիզմը։

               Այդ էր իրերի դրութիւնը, այդ էր իրերի պահանջը, որոնց հարկաւոր էր անմիջական գոհացումն տալ։ Եւ «Հնչակ»-ը իբրև հարազատ ծնունդ իւր ժամանակի, այդ շաւղի մէջն էլ մտաւ։

                Թրքական պետութիւնը իւր գոյութեան հիմունքը դրած է կրօնական-աստուծպետական և զինւորական-բռնապետական հաստատութիւնների վերայ։ Իբրև ասիական բիրտ ոյժի մարմնացումն, նա իւր յարատևութեան գրաւականներից ամենաանհրաժեշտն է համարժ իւր բաղկացուցիչ օտարասեռ ազգերի բացարձակ ստրկացումն և, իհարկին, ոչնչացումն։ Իւր կրած վերջին անդամահատութիւններից կատաղախ, նա իւր ատամները արդէն կրճտացնում էր դէպի դժգոհ հայ ազգը․ ուստի իւր հին զէնքերով, անժամանակակից միջոցներով, ամեն ճիգ թափեց Հնչակեան առաքեալների գործունէութիւնը ցանցելու։ Սակայն չնայելով թուրք բռնակալութեան յարուցած ամեն ազգի խոչնդոտներին։ Այնուամենայնիւ Հնչակեան անձնազոհ հերոսները, համեմատաբար շատ կարճ ժամանակամիջոցում, իրենց ժամանակակից քարոզներով, իրենց անվեհեր գործունէութեամբ, իրենց հրոսակային խմբերի դիւցազնական կռիւներով շուտով երևան բերեցին մի ազգ, որ չէ թէ միայն արդէն մտած էր հրապարակային իրական բողոքի շրջանի մէջ, այլ և պատրաստում էր զէնքի ոյժի վերայ յենուլ իւր արդար պահանջները։ -Գում-Գաբուի անդրանիկ ցոյցը, Մարզուանի, Եօզղատի, Գաղատիայի խլրտումները և հարիւրաւոր անձերի բանտարկութիւնը ու աքսորը ո՛չ միայն թիւրք կառավարութեան, այլև եւրոպական պետութիւններին իսկ ստիպեցին մտահոգ հայեացք ուղղելու դէպի հայ ազգը և նրա երկիրը՝ Հայաստան, ուր իրերը բոլորովին մի նոր, աննախընթաց կերպարանք էին առած։

                   Տրորուած Հայրենիքի հեռու անկիւններից մէկում ժամանակի ստրկացուցիչ ոգին իւր թևերը տարածել չէր կարողացած։ Այնտեղ՝ պահապան լեռների բարձունքների վերայ, պատնիշող խոխոմա ձիգ հովիտներում, իւր նահապետական, համայնական կենցաղավարութեամբ, հայրենի ազատութեան և նրա առաձին վահան՝ զէնքի մէջ եղած սերտ առնչութիւնը։ Թուրք բռնապետութեան աչքին դա մի խոցոտիչ փուշ էր․ ուստի երբ իւր ստորադաս գործիքների՝ քուրդ այլ և այլ ցեղապետների միջոցով փորձեց նրան իւր ճիրանների մէջ օղակել, այն ժամանակ նա՝ հերոսների այդ խեշերանքը՝ Սասունը, Հնչակեան ժողովրդանուէր գործիչների թելադրութեամբ և ղեկավարութեամբ, ոտքի ելաւ և շուրջ երկու տարի նորածին Հայրենիքի ազատութեան դրօշը ծածանեց Տաւրոսի ազատաշունչ լեռների վերայ։ Սկսեցաւ անհաւասար կռիւը։ Մի կողմից Կանգնած էր մի բուռն ժողովուրդ, որ մարտնչում էր իւր սեպհական ազատութեան, իւր ստացուածքի և գոյքի համար, իսկ միւս կողմից թրքական բռնակալութեան անասնամիտ զօրքերի խառնիճաղանճ բանակները, որ իրենց հետ բերում էին ստրկութիւն և շղթայ։ Այո՛, ընկաւ Սասունը, բայց իւր դիւցազնական պարտութեամբ ցնցեց ամբողջ քաղաքակիրթ աշխարհը և իւր հերոսական արեան գնովն էր, որ հային տուեց մայիսի 11-ի (1895) ծրագիրը։

                    Ինչ էր այդ ծրագրի էութիւնը։

                    -Դա Թիւրքիան իրենց հովանաւորութեան տակ առնող պետութիւնների պաշտօնական վաւերաթուղթն էր, որով նրանք հաստատում էին թէ՝ Օսմանեան կայսրութեան մէջ տիրող քաղաքական, ընկերական և տնտեսական պայմանները այլ ևս անկարող էին իրենց մէջ շրջանակել հայ կեանքը և որ հայ ժողովուրդը իւր գոյութիւնը պահպանելու համար պիտի կազմէր տարբեր, անջատ մի մարմին, ունենալով իւր քաղաքական ուրոյն կարգերը։ Դա հայի պատմական իղձերի իրականացման առաջին նախաշաւիղն էր, որ մարմին էր առած «Հնչակ»-ի գործունէութեամբ։-

                     -Բայց Թիւրքիան իրենց մէջ բաժանելու ձգտում ունեցող պետութիւնների համար հաւասարապէս ցանկալի՞ էր, որ հայկական վեց նահանգները աշխարհագրական միաձոյլ մի մեծ շրջանակ կազմէին և նրա մէջ ապրող հայ ազգը յառաջադիմութեան այնպիսի պայմաններ ունենար, որ նախադուռն պիտի լինէր ազգային ապագայ անկախութեան։ -Պատասխանը բացասական եղաւ գլխաւորապէս մէկի՝ Ռուսիայի կողմից, և սա ամէն տեսակ թակարդներ լարեց, որպէսզի այդ ծրագիրը իրականութիւն չստանար։

                      Սուլթանի արիւնկզակ կառավարութիւնն էլ շահագրգիռ պետութիւնների անհամաձայնութիւններից իւր ձեռքերը ազատ տեսնելով՝ հայկական՛ մղձաւանջից միանգամից ազատուելւ համար, դիմեց իւր նախորդների նուիրագործած պատմական մեթոտին․- այն է՝ օսմանեան բռնապետութեան մէջ ծագած ազգային խնդիրները լուծելու ամենադիւրին միջոցը դժգոհ ազգի վերջնական ոչնչացումն էր։ Դա կառավարական մի սիստէմ էր, որին, ի հարկին, միշտ դիմել էին թուրք բռնապետները։ Համիտը բացառութիւն կազմել չուզեց և հաւատարիմ մարդկային ազգի ապականիչ իւր նախորդների ուղղութեանը, նա ամենայն սառնասրտութեամբ նախապէս ծրագրեց և հայկական ընդհանուր կոտորածների հրամանը արձակեց։ Թուրք խուժանը, կառավարչական պաշտօնեաները, զօրքը բարձրագոյն այդ հրամանին արձագանգ տուին, և Հայրենիքի ամեն արկիւնում անպաշտպան և անպատրաստ հայի արիւնը հոսել սկսեց։ Մինչդեռ ընդհանուր սարսափը տիրած էր ամեն կողմ, և եւրոպական նենգ դիւանագիտութիւնը հազիւ միայն արձանագրում էր կատարուած բարբարոսութիւնները, իսկ եւրոպական ժողովուրդները առ առաւելն կարեկցութեան նշոյլ էին միայն արձակում դէպի ողջակիզուող հայ ժողովուրդը, այդ ժամանակ Զէյթունը, հայի պատմական արիութեան այդ անդաւաճան աւանդապահը, յիշեց իւր եղբայրական պարտականութիւնը, և Հնչակեան վարիչների առաջնորդութեամբ ապստամբական կարմիր դրօշը բարձրացրեց։ Զէյթունը իւր տեղական շահերը պաշտպանելու համար անգամ թուրքին ցոյց էր տուել իւր զէնքի ծանրութիւնը, բայց այս անգամ իրեն առաջնորդող զգացմունքը տարբեր էր։ Այս անգամ համազգային զգացմունքն էր որ համազգային թշնամու դէմն էր ճակատեցնում նրան։ Եւ հայ յեղափոխական դրօշի, հայ յաղթական սրի տակէն անարգաբար անցնող, մի բուռն քաջերից ջարդ ու փշուր եղող օսմանցին ստիպուեցաւ Զէյթունցու հետ բանակցել ոչ իբրև հպատակի, այլ իբրև պատերազմող կողմի։ Հնչակեան բազկի այդ մասնիկի փառաւոր յաղթութիւնը մի կոթող էր հայ յեղափոխական պատմութեան։

                    Եւ այսպէս, աւելի քան տասը տարի շարունակ, «Հնչակ»-ը կազմակերպեց, նախապատրաստեց հայ ժողովուրդը և յեղափոխական գործը աստիճան առ աստիճան իւր սկզբնական փոքր շրջանը ընդարձակելով՝ գործի զարգացման պահանջին համեմատ, մտաւ մասնակի շարժումների մէջ, որոնք իրենց ընդունած բոլոր իրադարձութիւններով անհրաժեշտ էին գործի սկզբնական շրջանի համար։ Սակայն պատմական այդ շրջանը այլևս անցած է և այդ ուղղութեամբ գործելը այժմ աւելի քան ապարդիւն։

                    Հայ ազգի փրկութեան գործը կարող է յետաձգուիլ, բայց ո՛չ բոլորովին կանգ առնել և մոռացութեան տրուիլ։ Ամենադառն փոթորիկների միջից անցնելով՝ հայը այսօր ո՛չ մոխրակոյտի վերայ նստող լացող է և ոչ էլ իւր արիւնլուայ Հայրենիքը մի մեծ գերեզման։ Հայի կենսունակութիւնը այդքան մակերևութային չէր, որ այդպէս շուտով սպառուէր։ Չնայելով իւր ունեցած սոսկալի կոտորածներին, այնու ամենայնիւ Հայը դեռ կանգուն է իբրև մի կենսունակ ազգայնութիւն։ Կարո՞ղ է նա կանգ առնել, ինքն իրեն անշարժութեան մատնել ճիշտ այն ժամանակ, երբ օսմանեան բռնապետութիւնը, գլխաւորապէս իւր հարուածների ներքոյ, իւր հոգեվարքին է հասած և Արևելեան խնդրով շահագրգռուող ամեն ազգ պատրաստւում է իրեն համար փրցնել մեծ պատառը։ -Ո՛չ։ -Հայը սկսել է, պէ՛տք է որ շարունակէ մինչև վերջին յաղթանակը։ Չէ՞ որ նոյն իսկ եւրոպական պետութիւնները, Հայ ազգի, մասնակի շարժումների հիմամբ, ընդունած են որ Հայն էլ օսմանեան ընկնելիք պետութեան ժառանգորդներից մէկը պիտի լինի։ Իրերի այդ պայմանների ներքոյ հայ ազգին մնում է մի վերջին, օրհասական ճիգ,-այն է՝ ընդհանուր ապստամբութիւն, որ իրերի բնական ընթացքով ուղիղ հետևութիւն պիտի լինի նրա յեղափոխական անցեալ գործունէութեան։ Յետ կանգնել այլևս անկարելի է, եթէ չենք ուզում ազգովին ջնջուիլ։

                    Արդ, աչքի առաջ ունենալով այդ անհրաժեշտ, ծանր ու վճռական րոպէն, Հնչակեան կուսակցութիւնը, որ իւր ծրագրի հիմք է ընդունած ժամանակիս ամենալայն՝ ընկերվարական յեղափոխական սկզբունքները, կոչ է անում գալ միանալ իւր հետ ա՛յն բոլոր հայ անկեղծ երիտասարդներին, որոնք իրենց կեանքի միակ նպատակն են ընտրել ժողովրդի բարօրութինը և Հայրենիքի ազատութիւնը՛, որպէսզի ընդհանուր աջակցութեամբ, միահամուռ ոյժով կարողանանք յաջողութեամբ պսակել այն Ս․Գործը, որ Հայ ժողովրդի դարերից ի վեր փայփայած իղձն է եղել և որի համար նա այնքան շատ արիւն է թափել։