Այսօր պարզեցի, որ հանրկթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծի՝ ակադեմիական բարեվարքության նորմերից դուրս ընթացող «քննարկումներում» իմ անունն էլ է տեղ գտել: Այս առիթով կարևոր եմ համարում ընդգծելու մոտեցումս խնդրո առարկային.

ա/ հրապարակային մեղադրանքները հանրային քննարկում չեն: Այն ինչ տիրաժավորվում է ՖԲ-ում կամ լրատվամիջոցներում, որևէ առնչություն չունի «քննարկում» երևույթի կամ հասկացության հետ և դուրս է ակադեմիական բարեվարքության պահանջներին համապատասխանող բանավեճի կամ քննարկումների դաշտից:

բ/ Ես կողմ եմ գիտական բանավեճի ձևաչափով հանրային քննարկմանը, մասնագիտական, փորձագիտական գրախոսություններին և հնարավորության դեպքում, հանդես եմ գալիս այդ ձևաչափի մեջ:

գ/ Այս սկզբունքից ելնելով կարծիք եմ ներկայացրել «Ես և իմ հայրենիքը», «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացների, «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծերի մասին, որտեղ հատուկ շեշտել եմ հետևյալը.

- Հանրակրթության ոլորտում առարկայական չափորոշիչները և ծրագրերը պարտադիր վերանայվում, լրամշակվում են 4-5 տարին մեկ: Բազմաթիվ երկրներում այս պահանջը սահմանված է, որպես օրենքի դրույթ:

- Հայաստանում վերջին անգամ դրանք վերանայվել են 2011 թվականին: Ներկայումս, տարիների ուշացումից հետո, ՀՀ կառավարության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության համար պետական չափորոշիչների լրամշակումը օրապահանջ առաջնահերթություն է:

- Որքան գիտեմ ժամանակակից տեսական և մեթոդաբանական մշակումների հիման վրա սահմանված ազգային կամ պետական կրթական չափորոշիչները բաժանվում են երկու մեծ՝ կրթության բովանդակության և վերջնաարդյունքների չափորոշիչների խմբերի: Առաջինի դեպքում այն ձևակերպվում է, որպես որոշակի կարողությունների հասնելուն միտված նպատակ:

- Ժամանակակից հանրակրթության ոլորտում կրթական չափորոշիչները սահմանելիս առավելապես առաջնորդվում են Բենժամին Բլումի մշակած մանկավարժական նպատակների աստիճանակարգությամբ կամ դրա մոդիֆիկացված տարբերակներով:

- Հայաստանի Հանրապետությունում հանրակրթության պետական առարկայական չափորոշիչները պաշտոնական շրջանառության մեջ են դրվել 2006 թվականին և վերանայվել 2011 թվականին: Երկու դեպքում էլ դրանց հանրային քննարկման մասին ոչինչ հայտնի չէ: Ավելին, ներկայումս գործող «Հայրենագիտություն», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն» դասընթացների առարկայական չափորոշիչները և ծրագրերը միասնական մեթոդաբանությամբ ու ձևաչափով չեն կազմվել, ինչը պետական չափորոշիչների սահմանման պարագայում անընդունելի բացթողում է:

- «Ես և իմ հայրենիքը», «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն» դասընթացների չափորոշիչները կազմվել են միասնական մեթոդաբանությամբ՝ «Բլումի աստճանակարգման» տաքսոներին համապատասխան, ինչը հնարավորություն է տալիս անցում կատարելու «կարողությունների» կրթական մոդելին, որն այսօր գնահատվում է որպես որակյալ կրթության հիմնական պայման:

- «Կարողությունների» կրթական մոդելի կիրառման պարագայում լավագույնս կարելի է ապահովել միջառարկայական կապերով ուսուցումը, ինչն էլ հիմնականում ունենք նոր չափորոշիչներում:

- Շրջանառության մեջ դրված չափորոշիչներն ու ծրագրերը նոր չափանիշներով ու բովանդակություններով շարադրված դասագրքերի պահանջ են դնում: Դասագրքեր, որոնք կայուն գիտելիքի ու իրական արժեքների վրա խարսխված արժեհամակարգ են սերմանելու դպրոցականի մեջ: Այս հանգամանքն առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանա: Բանն այն է, որ հայոց պատմության դպրոցական դասագրքերում զգալի տոկոս են կազմում ինքնհնար տվյալները, որևէ սկզբնաղբյուրով չհիմնավորվող և գիտության հետ կապ չունեցող մտավարժանքներով ստեղծված պատմությունները, անհեթեթ տերմինաբանությունը և այլն:

- Քննարկման դրված չափորոշիչների շարադրանքը միշտ չէ, որ կարելի է բավարար համարել: Առկա են ճշգրտման ենթակա հասկացություններ և տերմիներ:

- Կարծում եմ, որ հանրային լայն քննարկումից բացի չափորոշիչները պետք գրախոսվեն: Մասնագիտական գրախոսությունները թույլ կտան առանց չարաշահումների ու մեղադրանքների վեր հանել և շտկել հնարավոր թերություններն ու բացթողումները: Նման շտկումներից հետո շրջանառության մեջ դրված առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը առավելագույնս կնպաստեն լիազորված մարմնի նախաձեռնած և սպասված փոփոխությունների կենսագործմանը:

Ավելացնեմ նաև, որ ես որևէ մեկի կամ կազմակերպության կարծիքի մասին կարծիք չեմ հայտնել: