ՍԴՀԿ
0
Վերբեռնում․․․

Հավատարիմ գաղափարին այսօր և ընդմիշտ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցություն
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հիմնադրումը. Պատմական ակնարկ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հիմնադրվել է 1887 թվականին Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում: Հիմնադիրներն են՝ Ավետիս Նազարբեկյան, Մարո Վարդանյան, Գաբրիել Կաֆյան, Ռուբեն Խանազատ, Գևորգ Ղարաջյան, Քրիստափոր Օհանյան և Մանվել Մանվելյան: Հայ իրականության մեջ առաջին քաղաքական կուսակցությունը կարճ ժամանակահատվածում կարողանում է իր կազմակերպչական կառույցները ստեղծել ողջ Հայաստանում և ապա աշխարհի բազմաթիվ հայահոծ քաղաքներում: Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը անցնելով ակտիվ գործողությունների դառնում է ժամանակաշրջանի հայ ազգային-ազատագրակն պայքարի առաջամարտիկն ու դրոշակակիրը: ՍԴՀԿ-ի անմիջական նախաձեռնությամբ եւ ղեկավարությամբ են իրականացվել Զեյթունի եւ Սասնո ապստամբությունները, Գում Գափուի եւ Բաբ Ալիի ցույցերը: Երիտթուրքերի իշխանության գալուց հետո, ՍԴՀԿ-ն անցնում է օրինական գործունեության որպես ընդդիմադիր կուսակցություն, սակայն ականատես լինելով Իթթիհատականների հայատյաց քաղաքականության ու հասու լինելով հայ ժողովրդին սպառնացող ահավոր վտանգին, կուսակցությունը՝ իր հայտնի յոթերորդ համագումարում (1913թ. Կոստանցա, Ռումինիա) որոշում է կրկին անցնել ընդհատակյա գործունեության և հաշվեհարդար տեսնել Իթթիհատի ղեկավարության հետ կանխելու համար վրա հասնող աղետը: Ավաղ, մատնության պատճառով ծրագիրը բացահայտվում է և 1915թ.-ի հունիս 15-ին՝ սուլթան Բայազետ հրապարակում կախաղան են հանվում հայ անմար 20 հերոսները, գլխավորությամբ Փարամազի (Մաթեոս Սարգիսյան): Մեծ Եղեռնից հետո Մայր կուսակցությունը շարունակում է իր նշանակալի մասնակցությունը բերել հայ ազատագրական պայքարին՝ Կիլիկիայից մինչև Սարդարապատ՝ հայկական 6-րդ կամավորական գնդով, ինչպես նաև կամավորներով՝ ռուսական բանակի ու ֆրանսիական բանակի «Հայկական լեգեոն»-ի կազմերում: 1990-ական թթ.-ներին, ՍԴՀԿ մարտիկները կուսակցության հովանու տակ գործող՝ «Փարամազ», «Մեծն Մուրադ» և այլ ջոկատների կազմում իրենց զգալի ներդրումն են ունեցել Արցախյան ազատամարտում: Այսօր ՍԴՀԿ-ն ներկայացված է աշխարհի բոլոր հայաշատ երկրներում: ՍԴՀԿ-ի հովանավորության տակ գործում են բազմաթիվ դպրոցներ և վարժարաններ, մշակութային և բարեգործական կազմակերպություններ, լոբբիստական կառույցներ, երիտասարդական և մարզական, սկաուտական միություններ: Գաղափարական հիմնադրույթներ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունն ազդարարում է, որ իր գաղափարախոսության հիմքում սոցիալ-դեմոկրատական սկզբունքներն են և անկյունաքարը ընկերային արդարությունն է: Այսօր, սոցիալ-դեմոկրատիան համարվում է մարդկության ամենաառաջադեմ ու արդիական գաղափարախոսությունը: Համընդհանուր բարեկեցությունը, օրինականությունը, ընկերային արդարությունը, ազատությունը և համերաշխությունը արդի սոցիալ-դեմոկրատիայի կարգախոսներն են ու հոգեհարազատ են ՍԴՀԿ-ին: Հաշվի առնելով նոր պայմաններում քաղաքական պայքարի առանձնահատկությունները ՍԴՀԿ-ն որդեգրում է հետևյալ սկզբունքները. -Արդարություն. Արդարությունը մենք դիտարկում ենք որպես այնպիսի հասարակական հարաբերություններ, որոնք առանց որեւէ դասակարգային կամ էթնիկական խտրականության, յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն են տալիս հավասար պայմաններում ապրել ու աշխատել, ուսում ստանալ ու բուժվել, տնտեսական գործունեություն ծավալել, ունենալ նույն սոցիալական ապահովվածությունը: Արդար չի կարող լինել այն հասարակարգը, որտեղ մարդկանց մի խումբ զրկում, շահագործում կամ սահմանափակում է այլ անձանց աշխատելու և ստեղծագործելու հավասար հնարավորությունից: Արդար չի կարող լինել նաև այն հասարակարգը, որտեղ սակավաթիվ մարդկանց մի խմբի ձեռքերում են կենտրոնացված երկրի ամբողջ հարստությունն ու լծակները: -Ազատություն Ազատությունը մենք դիտարկում ենք որպես յուրաքանչյուր քաղաքացու խոսքի, մտքի, մամուլի, խղճի, կրոնքի և գումարման հիմնարար իրավունք, երբ հասարակական կյանքի ցանկացած ոլորտում նա ունի ընտրության ու ինքնորոշման իրավունք: Ազատության իրավունքը սակայն չի կարող ծառայել որպես գործիք՝ հասարակության կամ անհատի նկատմամբ ատելություն սերմանելու նպատակով: Նաև, հասարակության մի մասի ազատություններն ու իրավունքները չպետք է ոտնահարեն մյուս հատվածների ազատություններն ու իրավունքները: -Հավասարություն Հավասարությունը կարող է լինել միայն իրավահավասարություն, երբ բոլոր քաղաքացիները, առանց դասակարգային կամ էթնիկական խտրականության, իրական կյանքում ունեն և օգտվում են հավասար իրավունքներից և բոլորը հավասար են օրենքի առաջ։ Չկան ընտրյալներ և արտոնյալներ, այլ միայն հասարակության իրավահավասար անդամներ։ -Ընկերային (սոցիալական) արդարություն. ՍԴՀԿ-ն միշտ եղել է աշխատավոր և միջին դասակարգի իրավունքների ջատագով ու պայքարել է այդ իրավունքների ձեռքբերման համար ու դիմադրել է ոտնահարման ցանկացած փորձի: ՍԴՀԿ-ն վճռականապես մերժում է նեղ դասակարգային դիրքերից բխող եւ ժողովրդային լայն հատվածների շահերին վնասող քաղաքականությունն ու օրենքները, դեմ է դասակարգային հակամարտությանը և թշնամանքի բորբոքմանը, կողմ է քաղաքացիական համերաշխության ու համագործակցության: -Անվճար, հասանելի և որակյալ կրթություն. Սոցիալ-դեմոկրատիայի սկզբունքը կրթության ոլորտում կայանում է կրթական հնարավորությունների հավասարության, անվճար ու հասանելի կրթության ապահովման վրա, անկախ անձի ծագումից, սեռից, կրոնից, բնակության վայրից և նյութական հնարավորություններից։ Կրթական համակարգի դերը կայանում է շուկայական տնտեսության հետեւանքով առաջացած անհավասարության շտկման և ոչ դրա ավելի խորացման մեջ։ -Իրավական պետություն. Բազմակացութաձև տնտեսությունը (մասնավոր, հանրային, խառը, կոոպերատիվ) ծնում է բազմաշերտ սոցիալական համակարգ և առաջացնում է հասարակական շահերի բախում: Այդ շահերի համամասնությունը կարող է ապահովել միայն իրավական պետությունը: Իրավական պետությունը ՍԴՀԿ-ն դիտում է որպես այնպիսի քաղաքական համակարգ, ուր յուրաքանչյուր քաղաքացու գույքն ու բնակարանը անձեռնմխելի են, որն ապահովում է օրենքի գերակայությունը և իշխանության երեք թևերի անկախ ու ներդաշնակ գործունեությունը: -Դեմոկրատիա, քաղաքական և գաղափարական բազմազանություն, բազմակարծություն. Հասարակության քաղաքական համակարգի հիմքը պետք է լինի ժողովրդավարությունը, որը երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու հավասար պայմաններում, ուղղակիորեն կամ իր ընտրած ներկայացուցիչների միջոցով, մասնակցությունը պետական-հասարակական կյանքին: -Հարկային քաղաքականություն Սոցիալ-դեմոկրատիայի հիմնարար սկզբունքներից մեկը աստիճանաբար աճող (պրոգրեսիվ) հարկային համակարգն է, որն իր բնույթով ամենաարդարն ու համաչափն է: Հարկային համակարգը ձևավորելիս հաշվի պետք է առնվեն երկրի սոցիալ-տնտեսական առանձնահատկությունները և անհրաժեշտ է որդեգրել այնպիսի համակարգ, որ կապահովի հասարակության տարբեր շերտերի հարկումը իրենց արդար մասնաբաժնով: -Տնտեսական դեմոկրատիա, մեկնարկային հավասարություն. Այն համակարգը, որտեղ քաղաքացիների մի մասը տնտեսապես գերիշխում է մյուսների վրա, պետական լծակներով կամ անարդար օրենքների միջոցով յուրացնում է ուրիշի աշխատանքով ստեղծված արդյունքներ, չի կարող լինել իրական ժողովրդավարություն: Միայն այն մարդը կարող է իրականացնել իր կամքը, ով ունի աշխատանքի և տնտեսական գործունեության իրավունք և զրկված չէ արտադրված հասարակական արդյունքների իր մասնաբաժնի սպառման հնարավորությունից: Քաղաքական դեմոկրատիան անհնար է առանց տնտեսական դեմոկրատիայի: -Մարդու իրավունքների պաշտպանություն. Հզոր և բարեկեցիկ է այն պետությունը, որտեղ պաշտպանված և ապահովված են մարդու իրավունքները՝ անկախ սեռից, տարիքից և այլ հատկանիշներից, որտեղ մարդը լիարժեք անդամն է հասարակության և անձեռնմխելի են նրա անձն ու ունեցվածքը: Պետության հիմնային պարտականություններից է հսկել, պաշտպանելու քաղաքացիների և մարդկանց իրավունքները, հոգալ նրանց՝ ակնկալելով նույնանման հոգատարություն քաղաքացու կողմից պետության նկատմամբ։ -Աշխատանքային պայմանների բարելավում, արժանապատիվ աշխատանք. Աշխատանքն հանդիսանում է միջոց և ոչ նպատակ, իսկ աշխատակիցը հանդիսանում է գործատուի գործընկերը և ոչ ծառան։ Աշխատանքը միջոց է ապրուստի ապահովման և բարեկեցիկ միջավայրի ստեղծման։ Մեր քաղաքականության նպատակակետն է, որպեսզի Հայաստանում ապահովված լինի զբաղվածության բարձր մակարդակ և աշխատանքի արժանապատիվ վարձատրություն։ -Բնության և շրջակա միջավայրի նկատմամբ հոգածություն. Շահառուների անբարեխիղճ վերաբերմունքը և օր օրի աճող հանքերը, բնության հաշվին գումար վաստակելու ձգտումը նպաստում են անտառների և շրջակա կենսոլորտի վնասմանը, վերացմանը։ Մենք պարտավոր ենք հոգ տանել մեր բնությանը և շրջակա միջավայրին հանուն մեր ապագա սերունդների: Ազգային հիմնադրույթներ, ազգային քաղաքականություն Քաղաքականապես անկախ, կայացած պետություն, որպես իր բոլոր քաղաքացիների կյանքի և կամքի բարձրագույն դրսևորում Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հավատում է բոլոր ազգերի հավասարության եւ մերժում է ազգերի գերակայութեան գաղափարը, ինչպես նաև պաշտպանում ՀՀ տարածքում ապրող փոքրամասնությունների յուրահատկություններն ու նրանց ազատ զարգանալու իրավունքը: Ազգը՝ հոգեւոր, մշակութային, լեզվական, սոցիալ-տնտեսական, պատմական ամբողջություն և հիմնային արժեք է։ Ազգի և պատմաշխարհագրական օրրանի ամբողջությունը վերածվում է Հայրենիքի։ Քաղաքականապես անկախ, իրավական պետությունը ազգային կյանքի և կամքի բարձրագույն դրսևորումներից է։ Պետությունը պետք է ծառայի քաղաքացիներին և ոչ հակառակը, այն պետք է հանդիասանա հասարակության զարգացման, անվտանգության ու ապահովության երաշխավորը և իրականացնողը։ Պետական ակտիվ միջամտությամբ և միջոցներով անհրաժեշտ է նպաստել և սատարել ազգային լեզվամտածողության, հոգեբանության, նկարագրի, մշակույթի բոլոր ճյուղերի դրսևորումների պահպանմանը և զարգացմանը, թույլ չտալ լճացում և կաղապարում։ Մեր ժողովրդի ավանդույթների, բարոյական չափանիշների և ազգային-հայրենասիրական ոգով դաստիարակությունը, ազգային արժանապատվության և շահերի, հայրենիքի պաշտպանության պատրաստակամության դաստիարակումը համարել առաջնային խնդիր: Հայաստանի քաղաքացին պետք է համոզված լինի արդարության, իրավահավասարության սկզբունքների վրա հիմնված, բարոյական, ազգային և համամարդկային բարձր արժեքներով, ստեղծագործ աշխատանքային կյանքով ապրող Հայրենիքի կերտման հստակ նպատակայնության մեջ։ Զանգվածային արտագաղթը, շարունակում է հանդիսանալ հայրենիքի և հայ ժողովրդի ապագայի, նրա հոգևոր միասնության ու ֆինանսատնտեսական զարգացմանը վնասաբեր երեւույթ: Արտագաղթը կարելի է և պետք է կանխել սոցիալ-տնտեսական և քաղաքական դաշտի արմատական բարեփոխումների միջոցով՝ խթանելով նաև հայրենադարձությունը։ Հայաստան համայն հայության Հայրենիքն է։ Հայաստանը պետք է դառնա հայ մարդու երազանքների երկիրը:
Ոլորիր
Կամ պահիր